Մեր մասին
«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն
«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀԱՀՀԿ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1997 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մի խումբ մշակութային մարդաբանների նախաձեռնությամբ: Կենտրոնը մասնագիտացած է Հայաստանի, հարակից շրջանների և հայկական սփյուռքի համայնքների մարդաբանական (ազգագրական) ուսումնասիրությունների մեջ:
Մեր առաքելությունը
- վերլուծել և գնահատել սոցիալ-մշակութային, տնտեսական և էթնիկ գործընթացները
- նպաստել հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանն ու հանրահռչակմանը
- զարգացնել մշակութային մարդաբանության գիտաճյուղը Հայաստանում
Մեր պատմությունը
«Հազարաշենի» հիմնադիր անդամները մինչ կենտրոնի պաշտոնական գրանցումը (սկսած 1994 թ.) իրականացրել են համահայաստանյան ընդգրկում ունեցող մի շարք գիտահետազոտական և խորհրդատվական ծրագրեր՝ տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի պատվերով:
Գործունեության ուղղություններ
Մարդաբանական հետազոտություններ
Կենտրոնի հետազոտական գործունեությունը հիմնականում կենտրոնացած է հիշողության և ճգնաժամի մարդաբանության, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության վրա:
- ցեղասպանության հիշողություն
- խորհրդային փորձառություն և քաղաքական բռնաճնշումներ
- Արցախյան շարժում, էթնիկ զտումներ և բռնի տեղահանություններ
- տոնի, ծեսի և առօրյականության մարդաբանություն
Կրթական գործունեություն
Կենտրոնը մշակում և իրականացնում է կրթական ծրագրեր, որոնք վերաբերում են հիշողության, պատմության և մշակութային ժառանգության դասավանդման հիմնախնդիրներին: Անդամները ներգրավված են նաև ուսուցիչների վերապատրաստման և կրթական նյութերի ստեղծման գործընթացներում:
Միջազգային ճանաչում
2020 թվականին «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավատարմագրումը՝ դառնալով Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի խորհրդատու կազմակերպություն:
Մեր նպատակը
Մենք հավատում ենք, որ մարդաբանական գիտելիքը կարող է նպաստել հասարակական կարևորագույն խնդիրների՝ հիշողության, ինքնության, սոցիալական արդարության և մշակութային ժառանգության շուրջ գիտական, հանրային և քաղաքական երկխոսության ձևավորմանը: «Հազարաշենը» ձգտում է համադրել տեսական վերլուծությունն ու կիրառական դաշտային փորձը՝ կառուցելով կամուրջ ակադեմիական գիտելիքի և հասարակական պահանջների միջև: