Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի, Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի, "Հազարաշեն" ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի և Ֆրանսիայի Inalco (Institut National des Langues et Civilisations Orientales) համալսարանի նախաձեռնությամբ 2025 թ. հոկտեմբերի 16-17-ին կկազմակերպվի «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի հընթացս ճգնաժամը բանավոր պատմություններում» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովի նպատակն է քննարկել, թե ինչպես է 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, Արցախի փաստացի պաշարումը, 2020-2023 թթ․ ընթացքում նախապատրաստված և 2023 թ․ սեպտեմբերին տեղի ունեցած Արցախի բնակչության տեղահանությունն արտացոլվել և իմաստավորվել միջազգային և հայկական լրատվականներում ու հանրային դաշտում և փոխանցվել բանավոր պատմությունների միջոցով։ Կարևոր են ոչ միայն հիշողության բովանդակային և տեղեկատվական շերտերը, այլև դրանց փոխանցման միջոցներն ու ձևերը, հիշողության կրողները, ինչպես նաև պատերազմի, տեղահանության և հիշողության ձևավորման քաղաքականությունը, սոցիալական, մշակութային հետևանքները։

Չնայած գիտաժողովի բուն նպատակն է Արցախի ընթացիկ ճգնաժամի քննարկումը, բայց, հաշվի առնելով Արցախի աշխարհագրական տեղը և բնակչության ինքնությունների բարդ հետագիծը, գիտաժողովում կարող են քննարկվել նաև Արցախի ճգնաժամերի պատմական թեմաներն ու դրանց անդրադարձն այսօրվա հանրային, գիտական, քաղաքական խոսույթներում:

Զեկուցումները կարող են ներառվել հետևյալ ենթաբաժիններում, բայց չսահմանափակվել դրանցով․

Դրվագներ Արցախի ճգնաժամերի պատմությունից․ պատճառներ, դրսևորումներ, հետևանքներ, արտացոլում արդի գիտական և հանրային խոսույթներում:

  • 16-17-րդ դդ․ Ղզլբաշական Պարսկաստանի շրջան
  • 18-19-րդ դդ.՝ Ղարաբաղի խանության շրջանի 70 տարիների ճգնաժամերը
  • Արցախը 19-րդ դ․ Ռուսական կայսրության շրջանում․ Արցախի բնակչությունն ու դասային կառուցվածքի վերաձևավորումները
  • 20-րդ դ.՝ Արցախը Ադրբեջանի մուսավաթական իշխանության շրջանում
  • 20-րդ դ.՝ Բոլշևիկյան և ԽՍՀՄ շրջաններ, արցախցիների փորձերը իշխանությունների ուշադրությունը հրավիրելու իրենց խնդիրների վրա
  • 20-րդ դ. ԽՍՀՄ «ինտերնացիոնալիզմի» քաղաքականությունն Արցախում
  • 20-րդ դ.՝ փակ հասարակություն փակ հասարակությունում․ Արցախի մասին գիտելիքը Արցախում, Կովկասում և ԽՍՀՄ-ում (աղբյուրներ և փոխանցման միջոցներ)
  • 20-րդ դ.՝ Արցախի քաղաքացիական և էթնիկ միավորների մոբիլիզացիոն գործընթացները ճգանաժամային իրավիճակում

Այլ թեմաներ:

  • Արցախի չճանաչված հանրապետության 30 տարվա պատմությունը. պատերազմների ճանապարհն ու տեղահանությունը
  • Պաշարված Արցախը տեղեկատվական աղբյուրներում և բանավոր պատմություններում
  • Հիշողության և մոռացության քաղաքականություն, իշխանության տեքստեր, պաշտոնական պատումներ
  • Արցախցիների բանավոր պատումությունները որպես ուսումնասիրության մեթոդ և պաշտոնական պատմագրության այլընտրանք
  • ԽՍՀՄ-ի հիշողության քաղաքականությունը Արցախի/Ղարաբաղի հարցում
  • Սումգայիթյան ջարդերի մասին իմացությունը Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Կովկասում, ԽՍՀՄ-ում, հետխորհրդային հանրապետություններում
  • Արցախի տեղահանության բանավոր պատմություններ․ մեթոդաբանություն և էթիկական խնդիրներ
  • Սպառնալիքի, բռնաքսորի (դեպորտացիայի), տեղահանության և ցեղասպանության եզրութաբանության համեմատական քննություն՝ Արցախի օրինակով
  • Արցախի նյութական մշակութային ժառանգությունն ու դրա պահպանության խնդիրները
  • Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը
  • Բռնի տեղահանվածների առօրյա կյանքն ու սոցիալական կազմակերպվածությունը
  • Նյութականություն և հիշողության կրիչներ (ֆոտոարխիվ, առարկաներ, ևն)
  • Թվանշային հարթակներն ու հիշողության արխիվացումը
  • Հիշողության գենդերային տեսանկյուններ
  • Հիշողություն և տրավմա՝ խմբային և անհատական
  • Տեղահանության հիշողության ներկայացում արվեստի տարբեր ճյուղերում, գրականությունում
  • Համեմատական դեպքեր․ բռնի տեղահանումներ և դրանց մասին հիշողությունն այլ երկրներում
  • Արցախի հիշողության վայրեր և հիշատակի ծեսեր
  • «Արցախյան հիշողությունն ու պատմությունը» կրթական համակարգում
  • Բռնի տեղահանության և ինքնության վերաիմաստավորման գործընթացներ
  • Հիշողությունն ի նպաստ դիմակայության և ինքնության պահպանության

Մասնակցության պայմաններ

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտական հաստատությունների գիտաշխատողներ, անկախ հետազոտողներ, և ասպիրանտներ։

Հայտերի ներկայացում: Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն իրենց զեկուցման վերնագիրը հայերեն և անգլերեն, ինչպես նաև 300 բառի սահմաններում ամփոփագիրը (հայերեն կամ անգլերեն) մինչև 2025 թ. սեպտեմբերի 15-ը iae.anthropology@gmail.com հասցեով, ինչպես նաև լրացնեն անհատական ձևաթուղթը (հղումը կհայտարարվի շուտով)։

Կարևոր ամսաթվեր:

  • Ընտրված հայտերի մասին տեղեկությունը կհայտարարվի մինչև սեպտեմբերի 25-ը
  • Զեկուցումների տևողությունը՝ մինչև 20 րոպե

Աշխատանքային լեզուներ: հայերեն և անգլերեն

Մասնակցության ձևեր: առցանց և անցանց

Ընտրված զեկուցումները հնարավորություն կունենան հրատարակվելու։

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար դիմել գիտաժողովի համակարգողներին՝ iae.anthropology@gmail.com

Մանրամասներ

Ամսաթիվ:հինգշաբթի, 16 հոկտեմբեր 2025 - ուրբաթ, 17 հոկտեմբեր 2025
Ժամ:09:00
Վայր:Երևան
Տեսակ:Համաժողով
Գին:Անվճար
Կազմակերպիչներ:ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խումբ, "Հազարաշեն" ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն, Inalco (Institut National des Langues et Civilisations Orientales, Ֆրանսիա)
Գիտաժողովի կազմկոմիտե:Լևոն Աբրահամյան, Հրանուշ Խառատյան, Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլիս, Գայանե Շագոյան, Լուսինե Խառատյան
Լեզուներ:hy, en